Նախապատմություն

Հայաստանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, վերջին հարյուրամյակի ընթացքում ընդլայնվել են կանանց ընձեռվող հնարավորությունները: Կանանց ընտրության իրավունք է շնորհվել դեռևս Հայաստանի առաջին հանրապետությունում՝ 1921թ.-ին: Դեռևս Խորհրդային Հայաստանում կանանց և աղջիկների համար հասանելի էին կրթական բոլոր մակարդակները և կանայք ներկայացված են եղել մի շարք մասնագիտությունների ոլորտում: Չնայած դրան, հենց նույն Խորհրդային դարաշրջանում և երկրի անկախությունից ի վեր, կանանց առաջխաղացումը կայուն տեմպով չի ընթացել, ուստի գենդերային խտրականությունը շարունակում է մտահոգությունների մշտական ոլորտ հանդիսանալ:

Հաճախ գենդերային խտրականությունը դրսևորվում է կյանքի բոլոր ասպարեզներում՝ կանանց հանդեպ անարդար և անհավասար վերաբերմունքով, սկսած հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներից, որը շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում՝ արտահայտվելով կրթության, առողջապահության, զբաղվածության ոլորտներում, սեփական երեխաների խնամակալության, գույքի նկատմամբ սեփականության իրավունքների, քաղաքական մասնակցության, ղեկավար պաշտոններում ներգրավվածության հարցերում, ինչպես նաև իրավական և սոցիալական արդարության սահմանափակ հնարավորություններով: Այս գործոնները նվազեցնում են կանանց և աղջիկների մշակութային և սոցիալական արժեքը՝ սահմանափակելով նրանց լիարժեք մասնակցությունը, առաջնորդությունն ու ներդրումը ընտանիքում և հասարակության մեջ՝ այդպիսով թուլացնելով վերջիններիս քաղաքական, տնտեսական և մշակութային հենքը:

Գենդերային խտրականությունը հանգեցնում է նաև բռնության, որն արտահայտվում է բռնաբարության, ընտանեկան բռնության, սեռական թրաֆիքինգի և գենդերային հիմքով ոտնձգության տեսքով:

Հայաստանում գենդերով պայմանավորված խտրականության ներկա վիճակը գնահատելու համար ՀԱՀ-ն իրականացրել է՝

1) վերջին երկու տասնամյակում ժողովրդագրության և առողջության հարցերի  հետազոտություններով վեր հանված միտումների ուսումնասիրություններ,

2) գենդերային գրականության ուսումնասիրություն,

3) խորհրդակցություններ մասնագետների հետ, ովքեր տեղյակ են կյանքի տարբեր ասպարեզներում դրսևորվող` գենդերով պայմանավորված մոտեցումներին, ինչպես նաև՝

4) բաց և անձնական զրույցներ հասարակության տարբեր շերտեր ներկայացնող կանանց հետ:

Այս փաստահավաք գործունեության արդյունքում բացահայտվել է, որ Հայաստանում իրապես առկա է գենդերով պայմանավորված անհավասարություն և խտրականություն, որն ունի ակներև, կանխատեսվող, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ անձնական ու հասարակական հետևանքներ:

ՀԱՀ-ի ղեկավարությունը, դասախոսական կազմը և ուսանողները համագործակցելով ազգային և միջազգային այլ կազմակերպությունների գիտնականների և մասնագետների հետ, նախապատրաստում են «Հայաստանում աղջիկների և կանանց զորեղացում» խորագրով գիտաժողով: Վերջինիս նպատակն է ուսումնասիրել և տեղեկանալ՝

1) աղջիկների, կանանց և ամբողջ հասարակության կյանքի վրա վերը նշված ռիսկի գործոնների անմիջական և երկարատև ազդեցության մասին.

2) փաստերի վրա հիմնված տեղական և միջազգային մոդելների մասին, որոնք հիմնված են կանանց զորեղացմանը նպաստող գործողությունների, ծրագրերի և գործելակերպերի վրա.

3) այլ տեղական և միջազգային ակադեմիական հաստատություններում հաջողության հասած կանանց և գենդերային ուսուցման օրինակների, դժվարությունների, և դրանց՝ կանանց, տղամարդկանց և հասարակության վրա ապացուցված ու կանխատեսելի ազդեցության մասին:

Գիտաժողովի արդյունքում ձեռք բերված տեղեկությունները կօգնեն հիմնավորել կանանց զորեղացման բազմակողմանի ծրագրի պարամետրերը, որոնք կմշակվեն ՀԱՀ-ում: